ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Գիտական խորհրդի նիստ
15.05.2018
Գիտական խորհրդի նիստ

Կայացավ Մանկավարժական համալսարանի Գիտական խորհրդի հերթական նիստը:

Գիտական խորհրդի անդամները փակ քվեարկությամբ բուհի 8 աշխատակիցների շնորհեց դոցենտի գիտական կոչումներ, իսկ բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ստեփան Գրիգորյանին ընտրեց Լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոնի վարիչի պաշտոնում:

«Ամբիոնների արդյունավետությունը պետք է չափել նրանով, թե ինչ թվով ուսանողներ են ներգրավված գիտահետազոտական աշխատանքներում»

Օրակարգային առաջին հարցի՝ Համալսարանում գիտահետազոտական և հրատարակչական աշխատանքների կազմակերպման գործընթացի վերաբերյալ մանրամասներ ներկայացրեց Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը:

Նա ներկայացրեց ֆակուլտետներում և ամբիոններում գիտահետազոտական և գիտամեթոդական աշխատանքների իրականացման ուղղությունները և հավելեց, որ համալսարանում իրականացվում են հիմնարար, տեսական, կիրառական, փորձարարական գիտական և գիտամեթոդական հետազոտություններ մանկավարժության, հոգեբանության, դպրոցական առարկաների դասավանդման մեթոդիկաների, մշակութաբանության, ինֆորմացիոն տեխնոլոգիաների, բնագիտության այլ բնագավառներում՝ բակալավրիատի և մագիստրատուրայի կրթական ծրագրերին համապատասխան:

Իր զեկույցում նա անդրադարձավ նաև գիտական մրցույթներում դասախոսներին, իսկ ձեռնարկներում՝ ուսանողներին ընդգրկելու ուղղությամբ տարված աշխատանքներին, ինչպես նաև դրանց արդյունքները մասնագիտական լայն հասարակությանը ներկայացնելու ձևերին:

«738 հոդված, որից 225-ը ցիտվող (SCOPUS, РИНЦ... և այլն) պարբերականներում, 11 մենագրություն, 108 ձեռնարկ, 61 գիրք. սրանք 2017 թվականին համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, գիտաշխատողների, ասպիրանտների և հայցորդների հրապարակումներն են, որոնց թիվն էականորեն աճել է նախորդ տարիների համեմատ»,-նկատեց Սրբուհի Գևորգյանն ու հավելեց, որ ակնհայտորեն ավելացել է նաև Մանկավարժականի պրոֆեսորադասախոսական կազմի ակտիվ մասնակցությունը միջազգային գիտաժողովներին:

Պրոռեկտորը ներկայացրեց նաև ՀՊՄՀ-ի 7 գիտական հանդեսները, դրանց շուրջ անելիքները, դրանցից մի քանիսը միջազգային շտեմարաններում ընդգրկելու անհրաժեշտությունն ու հոդվածների որակը բարելավելու, դրանց աշխարհագրությունն ընդլայնելու կարևորությունը:

Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը նկատեց, գիտական հրապարակումներում քիչ է մագիստրոսների մասնակցությունը, այնինչ ուսանողները պետք է մաս կազմեն բուհի գիտահետազոտական ուղղության:

«Մենք պետք է նպաստավոր պայմաններ ստեղծենք մեզ փոխարինողների համար: Նրանք պետք է որոշակի դպրոց անցնեն, եթե ուզում ենք ունենալ որակյալ փոխարինողներ: Ամբիոնների արդյունավետությունը պետք է չափել նրանով, թե ինչ թվով ուսանողներ են ներգրավված գիտահետազոտական աշխատանքներում»,-նշեց ռեկտորն ու ևս մեկ անգամ հորդորեց՝ անհրաժեշտ է հետարքրություն ստեղծել ուսանողների մոտ և խրախուսել նրանց:

 «Google Classroom-ի ճիշտ կիրառումը կհեշտացնի ուսանողի գործը և արդյունավետ կդարձնի դասախոսի աշխատանքը»

«Մանկավարժական համալսարանում ծրագրային և տեխնիկական-ապարատային տեղեկատվական տեխնոլոգիաների ներդնումը, կիրառումն ու դրանց սպասարկումը շարունակական բնույթ ունեն: Պարբերաբար կատարվում են մշտադիտարկումներ և ներդրվում ժամանակակից պայմաններին բավարարող արդիական տեխնոլոգիաներ և լուծումներ»,-իր ելույթում նշեց Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Արա Երեմյանն ու անդրադարձավ կիրառվող կարևորագույն ծրագրային տեղեկատվական տեխնոլոգիաներին:
Google Classroom ինտերակտիվ ուսուցման, աշխատակիցների մուտքի-ելքի գրանցման և հաշվապահական գործընթացներն իրագործող էլեկտրոնային համակարգեր, պաշտոնական կայք, ուսանողական ռադիո և այլն. սրանք համալսարանի տարբեր ստորաբաժանումների կողմից կիրառվող տեղեկատվական տեխնոլոգիաներն են, որոնք ծառայում են ուսուցողական նպատակների, տեղեկատվության յուրացման և նոր ասելիք ստեղծելու համար:
Պրոռեկտորն ընդգծեց, որ ժամանակակից ուսումնական պրոցեսում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումն անհրաժեշտ է ոչ միայն ուսումնական նյութերը զարգացնելու, այլև ամենօրյա աշխատանքում դրանք կիրառելու համար:
«Տեղեկատվական տեխնոլոգիաները հրաշալի միջոց ու գործիք են, եթե կա դրանք ճիշտ օգտագործելու և գործադրելու գրագիտություն»,-հավելեց պրոռեկտորն ու այդ տեսնկյունից կարևորեց ռադիոհաղորդումները, որոնք պատրաստվում են բուհի վարժարանի աշակերտների և հեռուստալրագրության բաժնի ուսանողների կողմից, ինչպես նաև «Հաջողության բանաձև» հեռուստահաղորդումը, որն առաջնային լուծում ունի դիմորդների համար. սա տեղեկատվական տեխնոլոգիաների նպատակահարմար օգտագործման խնդրի լուծման գերազանց օրինակ է:
Գիտական խորհրդի անդամներն առանձնակի կարևորեցին նաև Google Classroom ինտերակտիվ ուսուցման համակարգի վերաբերյալ հարցը՝ վերհանելով դրա հետ կապված իրենց մատհոգություններն ու նկատառումները:
«Այս համակարգը բուհի կարևորագույն ձեռքբերումներից և առավելություններից է:Համակարգի ճիշտ կիրառումը կհեշտացնի ուսանողի գործը և արդյունավետ կդարձնի դասախոսի աշխատանքը»,-նկատեց ՀՊՄՀ-ի ռեկտորն ու կիսեց գործընկերների անհանգստությունը՝ համակարգն ունի կատարելագործման անհրաժեշտություն:
Նա հորդորեց վերանայել համակարգում գնահատման, հանձնարարականների վերաբերյալ հարցերը, անցկացնել աշխատանքային հանդիպումներ՝ նոր ուսումնական տարում նորացված ու կատարելագործված համակարգ ունենալու համար:

Ընթացիկ հարցեր

Պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը Գիտական խորհրդի հաստատմանը ներկայացրեց ատենախոսությունների թեմաներն ու հրատարակության երաշխավորված գրքերը: Սկզբնական կրթության և Բանասիրական ֆակուլտետների դեկաններ Հեղինե Խաչատրյանն ու Աշոտ Գալստյանը ներկայացրին ֆակուլտետների խորհուրդների որոշումները: Գիտական խորհուրդը հաստատեց ներկայացված թեկնածուներ Անահիտ հովակիմյանին և Լիլիթ Պապեյանին անվանական կրթաթոշակի արժանացնելու հարցը:

Ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, ավանդույթի համաձայն, շնորհավորեց նաև ամսվա հոբելյարներին: