ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ-ի 2020 թվականի աշխատանքը գնահատվեց բավարար
15.01.2021
ՀՊՄՀ-ի 2020 թվականի աշխատանքը գնահատվեց բավարար

Մանկավարժական համալսարանում կայացավ բուհի Հոգաբարձուների խորհրդի նիստը: 

Խորհրդի անդամները դիտեցին 2020-ին բուհի վարած քաղաքականության, ձեռքբերումների մասին տեսաֆիլմը, որին հաջորդեց Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի զեկույցը: Ի դեպ, Խորհրդի անդամներից երեքը նիստին հետևում էին առցանց` պայմանավորված համավարակի սահմանափակումներով:

Ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը ներկայացրեց 2020-ի ընթացքում իրականացված աշխատանքները, անդրադարձավ բուհի ուսանողների թվին և դրանով պայմանավորված՝ նաև հաստատության ֆինանսական վիճակին:

Իր խոսքում ռեկտորը ևս մեկ անգամ շեշտադրեց Google classroom֊ հարթակի կիրառման կարևորությունը դեռևս հինգ տարի առաջ, ինչը հնարավորություն տվեց համավարակի մեկնարկից ի վեր կազմակերպել արդյունավետ և համակարգված առցանց ուսումնական պրոցես: Անդրադառնալով 2020-2021 ուսումնական տարվա ընդունելությանը` Ռուբեն Միրզախանյանը նկատեց` թեև նախորդ տարիների համեմատ բուհի շրջանավարտների թիվն էականորեն նվազել է, սակայն այս տարի գրանցվեց 1-ին կուրս ընդունվածների թվի նկատելի աճ: Վերջինս խոսեց նաև բուհի խնայողությունների և ֆինանսական միջոցների մասին և ցավով նկատեց, որ խնայողությունները պայմանավորված են ուսանողներին ամենատարբեր ծրագրերի միջոցով չխրախուսելու, ուսումնական պրոցեսը հրապուրիչ դարձնելու համար կազմակերպվող ամենատարբեր ձեռնարկների բացակայության հանգամանքով:

Ռեկտորն առանձնակի կարևորեց Մանկավարժական համալսարանի և ԿԳՄՍ նախարարության համատեղ աշխատանքը, ինչի հետևանքով արձանագրվել են շոշափելի արդյունքներ:

«Մանկավարժական համալսարանն ունի գիտամանկավարժական բացառիկ և հզոր ներուժ, որը պատրաստ է իրականացնել յուրաքանչյուր հանձնարարական. ազգային դպրոցը սրբություն է»,-նշեց Ռուբեն Միրզախանյանն ու հույս հայտնեց, որ փոփոխությունները կկայացվեն համատեղ աշխատանքի արդյունքում:

Խորհրդի անդամ, ՀՊՄՀ-ի Հեռուստառադիոլրագրության ամբիոնի վարիչ Լևոն Գալստյանը գործընկերների անունից վստահեցրեց` չնայած 2020 թվականը դառը փորձություն էր, սակայն ինչ-որ տեղ դարձավ ուսանելի. «Առցանց դասապրոցեսն ու շփումը պարտադրեց հավելյալ պատասխանատվություն, հուշեց հաղորդակցման նոր ձևերի փնտրտուք: Այս դժվարություններով հանդերձ բուհի «նավը» չճոճվեց, չերերաց, որովհետև համախմբվեցինք»,-հավելեց Լևոն Գալստյանը:

ՀՊՄՀ-ի Գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Կամո Վարդանյանն էլ նկատեց, որ 2020-ին գիտության ոլորտը շատ քիչ տարբերվեց նախորդներից` գրանցելով գիտական նոր հաջողություններ ու ձեռքբերումներ: Վերջինս առանձնակի կարևորեց պատերազմական օրերին և դրանից հետո բուհի հոգեբանության գծով գիտական ներուժի կիրառումը, ինչը հնարավորություն տվեց իրականացնել երկուստեք օգտակար աշխատանք: Իսկ Խորհրդի անդամ Մարինե Սահրադյանն ուսանողների անունից վստահեցրեց, որ բուհը պատվով ընդունեց համավարակի և պատերազմի հետևանքով առաջացած մարտահրավերները և կարողացավ կազմակերպել լիարժեք առցանց կրթություն:

Խորհրդի անդամների հաստատմանը ներկայացվեցին նաև 2020 թվականի եկամուտների և ծախսերի կատարողականը, դրամական ելքերի բաշխվածությունն ու 2021-ի բյուջեի նախահաշիվը, ինչպես նաև մի շարք հաստիքների կրճատման վերաբերյալ բուհի Գիտական խորհրդի որոշումները:

Խորհուրդը 2020 թվականին ՀՊՄՀ-ի կատարված աշխատանքը գնահատեց բավարար և քվեարկության արդյունքում միաձայն հաստատեց 2021 թվականի եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշիվը: Խորհրդի անդամները միմյանց մաղթեցին արդյունավետ աշխատանք և հույս հայտնեցին, որ հաջորդ հանդիպումը կկայանա առանց համավարակային սահմանափակումների: