ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ-ն՝ Եվրասիական համալսարանների ասոցիացիայի ակտիվ գործընկեր
03.05.2018
ՀՊՄՀ-ն՝ Եվրասիական համալսարանների ասոցիացիայի ակտիվ գործընկեր

Մանկավարժական համալսարանի Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը Սանկտ Պետերբուրգի Պոլիտեխնիկական համալսարանում մասնակցել է Եվրասիական համալսարանների ասոցիացիայի խորհրդի ընդլայնված նիստին:

Օրակարգում 2017-ի ասոցիացիայի անդամ համալսարանների հաշվետվությունն էր, որը ներկայացրեց Ասոցիացիայի նախագահ, Մոսկվայի պետական համալսարանի ռեկտոր Վիկտոր Սադովնիչին:

Նիստի ընթացքում քննարկվեցին բարձրագույն կրթության որակին, մատչելիության պահպանմանը և լավագույն փորձը ներառելուն ուղղված հարցեր: Շեշտադրվեց կրթության որակի վերահսկման մեխանիզմների, կրթական ծրագրերի և չափանիշների համապատասխանեցման հիմնախնդիրները, ինչպես նաև կարևորվեց բուհերի ցանցային փոխներգործումը, միասնական կրթական էլեկտրոնային միջավայրի և հեռահար կրթական տեխնոլոգիաների ստեղծումը:
Վիկտոր Սադովնիչին ներկայացրեց նաև Եվրասիական համալսարանների ասոցիացիայի՝ 2018 թվականին կազմակերպվող միջոցառումներին, որին ՀՊՄՀ-ն՝ որպես ակտիվ գործընկեր, ներկայացրել է 6 ծրագիր՝ միջազգային կոնֆերանսներ, երիտասարդ մասնագետների սեմինարներ, ուսանողական վեբինարներ և այլ ձեռնարկներ:

Ասոցիացիայի նախագահը բարձր է գնահատել Մանկավարժական համալսարանի նախորդ տարվա աշխատանքը և հույս հայտնել, որ առաջիկա ծրագրերը ևս կլինեն արդյունավետ:

Այցի ընթացքում ՀՊՄՀ-ի պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը գործընկերներին ներկայացրեց բուհի գերակա ուղղություններում ներկայացված առաջավոր փորձը, համագործակցության լայն շրջանակները, գիտական և կրթական ձեռքբերումները և այլն:

Միջոցառումների շրջանակներում Սրբուհի Գևորգյանը հանդիպեց Սանկտ Պետերբուրգի տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Իգոր Մաքսիմցևի և Ա. Գերցենի անվան Ռուսաստանի պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սերգեյ Բոգդանովի հետ:

«Ռուս գործընկերները բարձր գնահատեցին երկու բուհերի և Մանկավարժական համալսարանի՝ պայմանագրով նախատեսված համագործակցությունը՝ հատկապես «Ամառային դպրոցը», միջազգային տարբեր ծրագրերի և միջոցառումների մասնակցությունը»,ժնշեց ՀՊՄՀ-ի պրոֆեսորն ու հավելեց, որ նրանք առաջարկել են իրագործել պայմանագրով նախատեսված այլ կետեր ևս:

Բուհերի ռեկտորներն ընդգծել են, որ անհրաժեշտ է եղած փորձին ավելացնել նաև դիսերտացիոն աշխատանքների ընդդիմախոսությունն ու այլ գիտական աշխատանքների գրախոսումը, ինչպես նաև գիտահետազոտական նախագծերի և միջազգային դրամաշնորհների կազմում, համատեղ գիտական հրապարակումների կազմակերպում, գիտամեթոդական աշխատանքների փորձագիտություն հոգեբանամանկավարժական ոլորտում, պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստում և այլն:

Սերգեյ Բոգդանովը շեշտադրեց Մանկավարժական համալսարանի համապատասխան ստորաբաժանումների և Ա. Գերցենի անվան Ռուսաստանի պետական մանկավարժական համալսարանի Մանկության ինստիտուտի միջև դրամաշնորհների, ծրագրերի իրագործման անհրաժեշտությունը՝ կիրառելով Բելառուսի հետ ունեցած հաջողված փորձը:

Երկու ռեկտորներն էլ վստահեցրին, որ նախատեսում են այցելել Մանկավարժական համալսարան և տեղում զարգացնել առավել արդյունավետ համագործակցություն:

aspu.am-ի հետ զրույցում պրոռեկտորը վստահեցրեց, որ Եվրասիական համալսարանների ասոցիացիայի անդամ լինելը նպաստում է կրթական որակի բարձրացմանը, միջազգային կրթական փորձին համահունչ լինելուն և գործընկերային կապերն ընլայնելուն: