ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ-ն կհամագործակցի Լեհաստանի առաջատար բուհերի հետ
16.09.2022
ՀՊՄՀ-ն կհամագործակցի Լեհաստանի առաջատար բուհերի հետ

Մանկավարժական համալսարանի պատվիրակությունը՝ Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանի գլխավորությամբ, Լեհաստանում աշխատանքային հանդիպումներ է ունեցել երկրի առաջատար բուհերի ղեկավար կազմի հետ։

Հանդիպել են Յագելոնիայի համալսարանի ուսումնական գործընթացների գծով պրոռեկտոր Արմեն Եդիգարյանին և Կրակովի գյուղատնտեսական համալսարանի միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Անդրեյ Սեքմանին։

Քննարկվել են երկկողմ համագործակցության, մի շարք ոլորտներում հետազոտություններ իրականացնելու հնարավորությունները, նախանշվել են դասախոսների և ուսանողների փոխանակման ծրագրեր։ Առանձնակի կարևորվել է միջառարկայական տիրույթում համատեղ հետազոտական և ուսումնական գործընթացների կազմակերպումը։

Հանդիպումների ընթացքում լեհական կողմին հետաքրքրել է մի շարք ոլորտներում ՀՊՄՀ-ի փորձի մանրամասներն ու դրանց վերլուծությունը, մասնավորապես՝ ուսումառության էլեկտրոնային հարթակներ, ակադեմիական ազնվություն, ուսումնական միջավայրի հարմարեցում, ներառական միջավայր։

Պատվիրակությունը մասնակցել է նաև կրթության որակի, կրթական հաստատության կառավարման, էլեկտրոնային հարթակի ստեղծման և կիրառման, ծրագրային այլ հարցերի շուրջ կազմակերպված դասընթացների։