ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Կայացավ Գիտական խորհրդի նիստը
28.10.2022
Կայացավ Գիտական խորհրդի նիստը

«Ընթացիկ ուսումնական տարում ուսումնասիրվել է մասնագիտական կրթական 35 ծրագիր, դրանց մասնագրերը, յուրաքանչյուրի ուսումնական պլանում ընդգրկված 3-4 առարկայի՝ ընդհանուր 129 ուսումնամեթոդական էլեկտրոնային փաթեթ (առարկայական նկարագիր, շաբաթական թեմատիկ պլան)։ Ուսումնասիրության նպատակն էր գնահատել մասնագիտական կրթական ծրագրերի՝ կառուցվածքային և բովանդակային տեսանկյունից պահանջվող ձևաչափին համապատասխանությունն ու բուհի՝ հաջորդ հավատարմագրմանը նախապատրասվելը»,- Մանկավարժական համալսարանում կայացած Գիտական խորհրդի հերթական նիստում նշեց Ուսումնական գործընթացների հարցերով պրոռեկտոր Նաիրա Սաֆարյանը։

Պրոռեկտորն ընդգծեց, որ մասնագիտական կրթական ծրագրերի ուսումնասիրությունների ընթացքում շեշտադրվել են դրանց նպատակների, կրթական ծրագրի դասընթացների համապատասխանությունը կրթական ելքային արդյունքներին, աշխատաշուկայի պահանջներին, կրթական վերջնարդյունքների ձևակերպումները, առարկայական նկարագրերի կառուցման չափանիշները, սկզբունքները, համապատասխանությունը պահանջվող ձևաչափին․«Ուսումնասիրության առանցքում է եղել նաև թեմատիկ շաբաթական տրոհումներում դասավանդման մեթոդական համակարգը, դրանց համապատասխանությանը դրված նպատակներին, ուսումնառության առաջադրանքներին, սովորողների գիտելիքների, կարողությունների գնահատման մեխանիզմներին»,-հավելեց Նաիրա Սաֆարյանն ու ներկայացրեց մասնագիտական կրթական ծրագրերում առկա խնդիրներն ու բացթողումները։

Վերջինս նշեց նաև, որ բացթողումների շտկման անհրաժեշտությունից ելնելով՝ ապրիլ-մայիս ամիսներին բուհի պրոֆեսորադասախոսական կազմի համար երկու փուլով կազմակերպվել են մանկավարժահոգեբանական և մանկավարժամեթոդական վերապատրաստումներ, որոնց հաջորդել է ՄԿԾ-ների որակի բարելավման աշխատանքներ։

Ռեկտոր Սրբուհի Գևորգյանը, որի հանձնարարականով կատարվել էր ՄԿԾ-ի ուսումնասիրությունը, կարևորեց գործընթացն ու նկատեց՝ մասնագիտական կրթական ծրագրերում խնդիրները լուրջ ռիսկեր են ենթադրում։

Ռեկտորը մեկ անգամ ևս ընդգծեց մանկավարժահոգեբանական բլոկի նշանակությունը բուհում, ապա անդրադառնալով վերապատրաստումներից հետո ներկայացված վերլուծությունների արդյունքներին, դրանք համարեց բավարար, սակայն ոչ գոհացուցիչ։

«Համալսարանում ինչպես ծրագրային, այնպես էլ տեխնիկական առումով տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրումը, կիրառումն ու դրանց սպասարկումը շարունակական են: Պարբերաբար կատարվում են մշտադիտարկումներ և ներդրվում ժամանակակից պայմաններին բավարարող արդիական տեխնոլոգիաներ և լուծումներ»,- նիստում նշեց Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը։

Պրոռեկտորն անդրադարձավ ուսումնական գործընթացի ավտոմատ կառավարման համակարգին, բուհում առկա համակարգչային, դիդակտիկ, տեսաձայնային նյութերի ցուցադրմամբ կահավորված լսարաններին, դահլիճներին։

Մարիաննա Հարությունյանը խոսեց նաև բուհի էլեկտրոնային ծառայությունների և համակարգերի, գործող կայքերի ու մեդիառեսուրսների մասին՝ թվային վերլուծությամբ ներկայացնելով դրանց արդյունավետ գործունեությունն ու առաջատար դիրքը բուհական համակարգում։

Գիտական խորհուրդը մանկավարժական գիտությունների թեկնածուներ Մարիաննա Ամիրաղյանին, Թամարա Մաթևոսյանին, հոգեբանական գիտությունների թեկնածու Արմինե Ղազարյանին ու Երաժշտության մանկավարժության ամբիոնի դասախոս Արքասյա Խաչատրյանին ընտրեց դոցենտի պաշտոնում:

Գիտական խորհուրդը հաստատեց նաև ներկայացված 3 ատենախոսությունների թեմաները, հրատարակման երաշխավորեց ներկայացված գրքերը։ Ավանդույթի համաձայն՝ բուհի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը շնորհավորեց ամսվա հոբելյարներին, հանձնեց դոցենտի վկայականներ։

Ռեկտորը ներկայացրեց նաև բուհի 100-ամյա հոբելյանին նվիրված կրթական և մշակութային ձեռնարկները՝ ընդգծելով, որ դրանք ևս մեկ անգամ կընդգծեն մանկավարժական ավանդույթների ձևավորման գործում բուհի մեծ դերակատարումը։