ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ-ն կհամագործակցի «Ռուսական գրքի տան» հետ
26.01.2024
ՀՊՄՀ-ն կհամագործակցի «Ռուսական գրքի տան» հետ

Այսօր Մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանն և «Ռուսական գրքի տուն» սոցիալ-մշակութային հասարակական միության նախագահ Մհեր Ավետիսյանը կնքեցին համագործակցության հուշագիր։

Համագործակցության շրջանակում կարևորվում է պետության համար լավագույն կադրերի պատրաստման անհրաժեշտությունը, ինչպես նաև կրթություն ստացողներին խրախուսելը՝ տրամադրելով դրամաշնորհ։

Առաջիկայում կսահմանվեն չափանիշներ, կանցկացվի մրցույթ, որի արդյունքում ՀՊՄՀ-ի 10 ֆակուլտետի 10 ուսանող կարժանանա Ալ․ Գրիբոյեդովի անվան մրցանակի։ Յուրաքանչյուր ուսանող կստանա 100.000-ական դրամ։

Ռեկտոր Սրբուհի Գևորգյանը կարևորեց հուշագրի ստորագրումը՝ կրթական, ուսումնական ոլորտներում համագործակցության զարգացման, հայ-ռուսական կապերի ամրապնդման, ուսանողական կյանքի ակտիվացման և երիտասարդների ինտեգրման տեսանկյունից․ «Մեր ուսանողներն ապագայի ապագան ձևավորողներն են, որոնք հնարավորություն կունենան այդ մշակութային բաղադրիչները փոխանցել հաջորդ սերունդներին»։

«Ռուսական գրքի տուն» ՀԿ-ի հիմնադիր Մհեր Ավետիսյանը շնորհակալություն հայտնեց բուհի ներկայացուցիչներին կարևոր, բայց դժվարին աշխատանքի համար։ Խոստովանեց՝ Մանկավարժական համալսարանն իր համար ամենակարևոր հասցեն է․ պատրաստ են աջակցել և լինել բուհի կողքին։

Մհեր Ավետիսյանը հավելեց, որ մրցանակն ինքնանպատակ չէ։ Կարծում է, որ յուրաքանչյուր հայ, հատկապես՝ կրթող սերունդը, պետք է ճանաչի Գրիբոյեդովին և նրա կարևոր դերակատարումը հայի ինքնության պահպանման գործում։