87 տարեկան հասակում մահացել է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Պողոս Սիմոնյանը։
Պողոս Սիմոնյանը ծնվել է 1937 թվականին, ապրիլի 10-ին։ Ավարտել է Մանկավարժական համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը։ Պատմություն և գրականություն է դասավանդել հանրապետության տարբեր դպրոցներում։
1970 թվականից աշխատել է Հայկական պետական մանկավարժական ինստիտուտում՝ ուսումնական մասի վարիչ, միաժամանակ դասավանդել՝ որպես ավագ դասախոս։
1988-2006 թվականներին զբաղեցրել է Մանկավարժական համալսարանի Պատմության և աշխարհագրության ֆակուլտետի դեկանի պաշտոնը։
Երկար տարիներ Պողոս Սիմոնյանը դասավանդել է հարազատ բուհում, իր մասնագիտական բազմամյա փորձն ու գիտելիքները փոխանցել պատմաբանների բազմաթիվ սերունդների:
Մեծ է Պողոս Սիմոնյանի վաստակը ինչպես մանկավարժության, այնպես էլ պատմագիտության բնագավառում։ 1970-ականներից դասավանդմանը զուգահեռ ծավալել է գիտական բուռն գործունեություն։
Նրա գիտական հետաքրքրությունների առանցքում եղել է 1890-ականներին հայկական հարցը և ռուս հասարակական միտքը, ինչպես նաև անդրադարձել է աբդուլհամիդյան կոտորածներին, արևմտահայության գաղթին դեպի Ռուսաստան, ռուսական մամուլում հայկական կոտորածների արձագանքներին և Հայկական հարցի հանդեպ ռուս հասարակական մտքին:
Պողոս Սիմոնյանի մահը մեծ կորուստ է գիտական հանրույթի և նրան ճանաչողների համար։ Նա մշտապես վայելել է պրոֆեսորադասախոսական կազմի և գործընկերների սերն ու հարգանքը:
Մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը ցավակցում է Պողոս Սիմոնյանի ընտանիքին։ Նրա հիշատակը վառ կմնա գործընկերների, նրան ճանաչողների սրտերում:
Հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 16-ին՝ ժամը 17։00—20։00-ն «Եդեմ» սգո սրահում (հասցե՝ Խաչիկ Դաշտենցի փողոց 68/1 շենք)։