ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Միջբուհական ուսանողական գիտաժողով  Մանկավարժականում
21.12.2023
Միջբուհական ուսանողական գիտաժողով  Մանկավարժականում

Մանկավարժական համալսարանում մեկնարկեց «Ժամանակակից էկոլոգիական կրթություն» խորագրով միջբուհական երկօրյա գիտաժողով։

ՀՊՄՀ Էկոլոգիայի և կայուն զարգացման ամբիոնի և Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի ՈՒԳԸ համագործակցությամբ կազմակերպված ձեռնարկին մասնակցում էին ՀՊՄՀ-ի, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային, Հայաստանի ագրարային համալսարանների ուսանողներ։

Էկոլոգիայի և կայուն զարգացման ամբիոնի վարիչի պաշտոնակատար Սիրինե Շողերյանը  կարևորեց գիտական ձեռնարկն ու նկատեց, որ այն միավորել է էկոլոգիական կրթությամբ հետաքրքրվածներին։

Դոցենտ Շողերյանը հավելեց՝ մեր օրերում դժվար է չգերագնահատել էկոլոգիական կրթության դերը ժամանակակից կրթության մեջ։ Լիահույս է՝ երկօրյա գիտաժողովի ընթացքում կձևավորվեն նոր կապեր, կքննարկվեն էկոլոգիական մի շարք խնդիրներ, իսկ ուսանողների գիտական առաջին քայլերը կնպաստեն փորձի փոխանակմանը։

Սիրինե Շողերյանը 20-րդ դարի երկրորդ կեսը համարում է էլոլոգիական կրթության ամենաակտիվ քարոզչության ժամանակահատվածը, որը հանգեցրեց բնությունը պահպանելու առաջնահերթության գաղափարին․ «Ժամանակակից էկոլոգիական կրթությունը ենթադրում է ոչ միայն ակադեմիական գիտելիքների ձևավորում, այլև պրակտիկ կարողությունների զարգացում, քաղաքացիների մասնակցային փորձառություն բնության պահպանության խնդրում։ Պատահական չէ, որ էկոլոգիական կրթությունը շատ երկրներում կրթության առաջնային ուղղություններից է»,- իր խոսքում նշեց նա։

Ուսանողական գիտական ընկերության նախագահ Մարիամ Սարգսյանը հիշեցնում է՝ կրթությունը շարունակական և անընդհատ գործընթաց է․ կրթության մեջ հաջողելու և ևս մեկ քայլով առաջ շարժվելու համար պետք է սկսել փոքր քայլերից։ Նա կարևորեց գիտաժողովին այլ բուհերի ուսանողների մասնակցությունը ևս, նշելով, որ ուսանողներից շատերն առաջին անգամ են հանդես գալու զեկուցումներով։

«Ժամանակակից էկոլոգիական կրթություն» խորագրով միջբուհական գիտաժողովի առաջին օրը մասնակիցները ներկայացրին իրենց կատարած հետազոտությունները՝ Կարենիսի գյուղի շրջակայքի ցերեկային թեփուկաթևավորների բազմազանության, պոմիդորի հայկական արժեքավոր մի քանի սորտերի մորֆոլոգիական հատկանիշների ուսումնասիրության, Շաքիի ջրվեժի էկոլոգիական հիմնախնդիրների, մեղրատու մեղուների մոտ վարքային սննդային ռեակցիաների մասին։

Անդրադարձ եղավ նաև Նորատուս գյուղի զբոսաշրջությանը նպաստող դրական և բացասական կողմերին, Դեբեդ գետի և նրա վտակների էկոլոգիական վիճակի գնահատմանը և այլն։

Զեկուցողները հույս հայտնեցին, որ ներկայացված աշխատանքները գիտական նոր հետազոտությունների նյութ կդառնան, ինչպես նաև կլինեն էկոլոգիական վիճակի վերահսկման մեխանիզմներից։

Ծավալվեց մասնագիտական քննարկում․ արդյունքների ամփոփումից հետո մասնակիցներին տրվեցին հավաստագրեր։ Ի դեպ, գիտաժողովին մասնակցելու և բուհական կյանքին ակտիվ մասնակցության համար հավաստագիր ստացավ նաև  Երևանի Մուշեղ Մխոյանի անվան թիվ 68 հիմնական դպրոցի սան Ալեք Մանվելյանը։

Ուսումնական գործընթացների հարցերով պրոռեկտոր, Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Նաիրա Սաֆարյանը կարևորեց Մանկավարժականի նախաձեռնությունը, նկատելով, որ բովանդակային քննարկումը հաստատեց՝ ձեռնարկը կայացած է։

Պրոռեկտորը հիշեցնում է՝ գիտությունը սկսվում հանրակրթությունից, որի կրողները  բուհի շրջանավարտներն են։ Նա պատահական չհամարեց նոր չափորոշիչների թիրախները, գիտական ծրագրերը, նախագծային ուսուցումը, որոնք  դեռ դպրոցական տարիքից սովորողներին մղում են դեպի գիտություն։

Կենսաբանության, քիմիայի և նրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Սամվել Պիպոյանի  դիտարկմամբ՝ զեկուցումներն աչքի ընկան  գիտականությամբ, էկոլոգիական կրթության բազմակողմանի մոտեցմամբ։

Պրոֆեսորը հույս հայտնեց, որ հաջորդիվ կազմակերպվող ձեռնարկներում կներկայացվեն սեփական դիտարկումներն ու եզրակացությունները։

Միջբուհական գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն վաղը։