ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժականի ուսանողներին ներկայացվեց «Mynews» հանրային թղթակցական հարթակը
20.03.2012

Այսօր Մանկավարժական համալսարան էին այցելել Հանրային լրագրության ակումբի մասնագետները: Այցելության նպատակն էր ապագա լրագրողներին և գրել սիրող, ակտիվ երիտասարդներին, ներկայացնել Հանրային լրագրության ակումբի նախագծերից մեկը`«Mynews» հանրային թղթակցական հարթակի փորձնական տարբերակը:

Հանրային լրագրության ակումբի մասնագետները Մանկավարժական համալսարանի հեռուստառադիոլրագրության բաժնի ուսանողներին մանրամասն ներկայացրին կայքում գրանցվելու, դրանից օգտվելու կանոններն ու կայքում տեղադրվող նյութերի հնարավոր թեմաները:

«Mynews»ը քաղաքացիական, հանրային թղթակիցների և հիմնական լրատվամիջոցների կամ մասնագիտացված լրատվական կայքերում աշխատող պրոֆեսիոնալ լրագրողների համար ստեծված հարթակ է , որտեղ կարելի է թղթակցել և համագործակցել միմյանց հետ:

«Mynews »-ի ստեղծման մտահաղացման հեղինակն է Հանրային լրագրության ակումբի ղեկավար Սեդա Մուրադյանը. «Գաղափարը ծնվեց ԱՄՆ-ում սովորելու տարիներին, երբ ուսումնասիրում էի սոցիալական մեդիան և հանրային լրագրությունը: Հենց այդ ժամանակ էլ մտածեցի պրոֆեսիոնալ լրագրության և հանրային թղթակցության հնարավոր «ամուսնության» մասին: Ստեղծվեց «Mynews»-ը, որը կարծում եմ հնարավորություն կտա հայաստանյան պասիվ լուր սպառողին դառնալ ակտիվ տեղեկատվություն ստեղծող ու տարածող»:

«Mynews»-ը հնարավորություն է տալիս կայքում տեղադրել տեսաթղթակցություններ, ֆոտոպատմություններ, կատարել նոթագրություններ, իսկ հանձնարարությունների բաժնի օգնությամբ միմյանց ուղարկել թղթակցային առաջադրանք-խնդրանքեր:

Ի տարբերություն մյուս հարթակների, կայքն ունի վիրտուալ հեղինակության տարր. թղթակցության միջոցով կարելի է կուտակել նաև վարկանիշային միավորներ, ստանալ վիրտուալ պարգևատրումներ, նոր վիրտուալ պաշտոններ, վիրտուալ և իրական մրցանակներ: