ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ոչ հայախոս, բայց մեծ հայրենասեր Վլադիմիր Հարությունյանը
20.04.2012
Հայկական պետական մանկավարժական համալսարանը հյուրընկալեց ռուսաստանաբնակ հայ մտավորական, բարերար, «AVA Group of Companies Oil & Gas Projects»-ի նախագահ Վլադիմիր Հարությունյանին: Նա բազմաթիվ բարեգործական ձեռնարկներ է ունեցել հայրենիքում, և հենց նրա միջոցներով է վերանորոգվել Ծաղկաձորի Կեչառիսի միջնադարյան վանական համալիրը:
Հատուկ Մանկավարժական համալսարանի հրավերով Երևան ժամանած գործարար-մտավորականը Կուլտուրայի ֆակուլտետի դահլիճում ներկայացրեց բաց դասախոսություն:
Մինչ այդ Մանկավարժական համալսարանի ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը ողջունելով ներկաներին, կենսագրական մանրամասներ ներկայացրեց հյուրի մասին և ընդգծեց, որ մեծ պատիվ է համարում նրա ներկայությունը Մանկավարժականում:
Ռուբեն Միրզախանյանը համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ Վլադիմիր Հարությունյանին հանձնեց Մանկավարժական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում:
Շնորհակալություն հայտնելով հրավերի համար` Վլադիմիր Հարությունյանը հանդես եկավ «Ռուսաստանը երեկ, այսօր, վաղը» թեմայով դասախոսությամբ:
Նա անդրադարձավ Ռոմանովների Ռուսաստանին, խորհրդային իշխանության և վերակառուցման տարիներին:
Ապագայի մասին մտորումներում Հարությունյանը հատկապես կարևորեց հույսի գործոնը, առանց որի մարդու գոյությունն անիմաստ է համարում:
Իսկ լավ ու ապահով կյանքի համար մտավորականը կարևորում է մի քանի խնդիր. հասարակական–քաղաքական կյանքում ժամանակակից համակարգի ներդրում, սեփականաշնորհման ընթացքում առկա սխալների աստիճանական և հետևողական ուղղում, տնտեսության վերականգնում և, ամենակարևորը, անվճար կրթության իրավունք բոլորի համար:
Վլադիմիր Հարությունյանն անդրադարձավ նաև Մանկավարժական համալսարանի հետ համագործակցության հեռանկարներին, նշելով, որ ծրագիր է մշակվում, ըստ որի Մոսկվայում կբացվի դպրոց, որտեղ առաջին 4 դասարաններում աշակերտները կսովորեն մայրենին` հայոց լեզու, իսկ արդեն բարձր դասարաններում հայ ժողովրդի պատմություն ու հայոց եկեղեցու պատմություն` հայերենով:
Դպրոցին համապատասխան մասնագետներով եւ մասնագիտական գրականությամբ կապահովի մանկավարժական համալսարանը:
Հանդիպման ավարտին Վլադիմիր Հարությունյանը Մանկավարժականին նվիրեց իր հեղինակած գրքերի հավաքածուն:
Նշենք, որ մեր հայրենակից Վլադիմիր Հարությունյանը արմատներով արևմտյան Հայաստանից է, ծնվել է Ռուսաստանում և զբաղեցրել բարձր և խիստ պատասխանատու պաշտոններ:
1961 թվականին ավարտելով Մոսկվայի արտաքին հարաբերությունների պետական ինստիտուտը, աշխատանքի է անցել ԽՍՀՄ արտաքին առևտրի նախարարությունում` համամիութենական «Սոյուզնեֆտէքսպորտ»-միավորումում: Ապա 1965-1971 թվականներին եղել է «Նաֆտա» բաժնետիրական ընկերության տնօրենը Լոնդոնում: 1972-1974 թվականներին աշխատել է որպես «Սոյուզնեֆտէքսպորտ» -ի արեւելյան մասնաճյուղի տնօրեն: 1974-1981 թվականներին գլխավորել է «Նաֆտա» բաժնետիրական ընկերությունը Լոնդոնում` հանդիսանալով գլխավոր տնօրենը: 1981-ից 1986 թվականներին աշխատել է որպես համամիութենական «Սոյուզնեֆտէքսպորտ» միավորման փոխնախագահ: Իսկ 1986-1992 թվականը ղեկավարել է այդ հսկայական կառույցը`«Սոյուզնեֆտէքսպորտը»:
Վլադիմիր Հարությունյանը 1992-1995 թվականներին հանդիսացել է «Ավստրիական արդյունաբերողների միության» նախագահի ավագ խորհրդատուն, իսկ 1996 թվականից մինչ օրս ղեկավարում է «AVA Group of Companies Oil & Gas Projects» ընկերությունը: