ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ներկայացվեցին Էրազմուս+ BOOST ծրագրի ընթացքը, արդյունքները և հետագա գործողությունները
22.01.2020
Ներկայացվեցին Էրազմուս+ BOOST ծրագրի ընթացքը, արդյունքները և հետագա գործողությունները

Էրազմուս+ «Հայաստանյան համալսարանների միջազգայնացման ռազմավարության և մարքեթինգի խթանում» (BOOST) ազգային ծրագրի շրջանակներում Հայաստանի ամերիկյան համալսարանում կայացավ աշխատաժողով:

Ձեռնարկի նպատակն էր ներկայացնել ծրագրի ընթացքը, արդյունքները և հետագա գործողությունները, ինչպես նաև իրականացնել միջծրագրային քննարկում հայաստանյան այլ համալսարանների կողմից իրականացվող Էրազմուս+ կարողությունների զարգացման ծրագրերի շրջանակներում:

Աշխատաժողովին մասնակցում էին ծրագրի հայաստանյան և եվրոպացի գործընկերներ, ինչպես նաև Հայաստանի մի շարք այլ բուհերի և կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ողջույնի խոսքով հանդես եկանՀայաստանի ամերիկյան համալսարանի ռեկտոր Ռանդոլ Ռոդոսը, Էրազմուս+ գրասենյակի համակարգող Լանա Կառլովան: Ռանդոլ Ռոդոսն ընդգծեց միջազգայնացման կարևորությունը ՀՀ կրթության զարգացման գործում և այդ համատեքստում առանձնացրեց ՀԱՀ զարգացման հիմնական ուղությունները:

 

Մանկավարժական համալսարանի միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Մարիաննա Հարությունյանը ներկայացրեց ծրագրի ընթացքը և հետագա գործողությունները, իսկ բաժնի աշխատակից Ռաիսա Ավետյանն անդրադարձավ բաժնի կողմից միջազգայնացման իրականացման կազմակերպմանը, գործառույթներին և մատուցվող ծառայություններին:

Բուհերի կողմից իրականացվող ծրագրերի ընթացքը և արդյունքները ներկայացրին նաև հայ-ռուսական համալսարանի և Երեվանի Վ․Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ներկայացուցիչները:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայցուցիչ Տաթևիկ Ղարիբյանն ու ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի տնօրեն Գայանե Հարությունյանը ներկայացրին ՀՀ բուհերի միջազգայնացման ռազմավարության նպատակները և խնդիրները, որոնք մշակվել են ծրագրի իրականացման ընթացքում:

Աշխատաժողովի ընթացքում անդրադարձ եղավ նաև ծրագրի շրջանակներում բուհերի կողմից մշակված շարժունության կանոնակարգերին և մարկետինգային ռազմավարությանը:

Աշխատաժողովն ամփոփեցին ծրագրի եվրոպացի գործընկերնեը, որոնք ներկայացրին միջազգայնացման եվրոպական փորձը։

Նշենք, որ Էրազմուս+ BOOST /Հայաստանյան համալսարանների միջազգայնացման ռազմավարության և մարքեթինգի խթանում/ ծրագրի համակարգողն է Հայկական պետական մանկավարժական համալսարանը: