ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Շախմատ» գիտահետոզոտական ինստիտուտը մասնակցեց միջազգային կոնֆերանսի
14.12.2018
«Շախմատ» գիտահետոզոտական ինստիտուտը մասնակցեց միջազգային կոնֆերանսի

Օրերս Լոնդոնում անցկացվեց շախմատի կոնֆերանս, որին օնլայն ձևաչափում մասնակցում էր նաև ՀՊՄՀ «Շախմատ» գիտահետոզոտական ինստիտուտի հետազոտական թիմը:

2013 թվականից ամեն տարի անցկացվող կոնֆերանսի նպատակն է ամփոփել շախմատի ոլորտում անցնող տարվա համաշխարհային ձեռքբերումները։

Կոնֆերանսին հայկական կողմը ներկայացրեց իր հետազոտությունները: «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի գիտական ծրագրի ղեկավար Վահան Սարգսյանն անդրադարձավ հետազոտությունների իրականացման կրթական, հոգեբանական և սոցիոլոգիական ուղղություններին։ Հոգեբանական հետազոտության արդյունքները ներկայացնելիս նշվեց, որ «Շախմատ» ուսումնական առարկայի դասավանդման և յուրացման արդյունքում բարելավվում է կրտսեր դպրոցում սովորողների կամածին ուշադրության մակարդակը և այլ իմացական գործընթացներ։

Այնուհետև Վահան Սարգսյանը ներկայացրեց ծնողների և երեխաների վերաբերմունքը շախմատ ուսումնական առարկայի նկատմամբ հետազոտությունը, որի նպատակն էր ուսումնասիրել շախմատի՝ որպես պարտադիր հանրակրթական առարկայի հանդեպ տարրական դպրոցի աշակերտների, ինչպես նաև նրանց ծնողների վերաբերմունքի ուսումնասիրությունն ու կրտսեր դպրոցականի կարիքների (դժվարությունների) վերհանումը:

Օնլայն մասնակցության ընթացքում ներկայացվեցին նաև կրթական խմբի հետազոտությունները, շախմատային կարողությունների երկբաղադրիչ մոդելը, ինչպես նաև 2-4-րդ դասարանների 172 աշակերտի շախմատային կարողությունների ուսումնասիրությունը այդ մոդելի կիրառմամբ։

Կոնֆերանսի մասնակիցները հետաքրքրություն դրսևորեցին կատարված հետազոտությունների ծավալների և հաճախականության վերաբերյալ և հավելեցին, որ դրանք կդիտարկեն որպես հնարավոր համագործակցության ուղղություն։

ՀՊՄՀ-ի Շախմատի և սպորտի ամբիոնի վարիչ, «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Սմբատ Լպուտյանն էլ ընդգծեց, որ Հայաստանը, լինելով շախմատային փորձ ունեցող երկրներից առաջինը, կփորձի կազմակերպչական, մեթոդական և այլ հարցերում աջակցել համագործակցության ցանկություն ունեցող երկրներին՝ շախմատը դպրոցներում ընդգրկելու հարցում։