ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Երկու բուհերի արդյունավետ համագործակցությունը շարունակվում է
12.10.2016
Երկու բուհերի արդյունավետ համագործակցությունը շարունակվում է

Մանկավարժական համալսարանի պատվիրակության եռօրյա այցը Հայկական երկրորդ հանրապետություն ամփոփվեց Արցախի պետական համալսարանում:

Մանկավարժականի և Արցախի պետական համալսարանների միջև համագործակցությունը տարիների պատմություն ունի. երկու բուհերը համագործակցում են կրթադաստիարակչական, գիտահետազոտական և ուսումնամեթոդական գործունեության ոլորտներում:

Աբովյանականները նախ հարգանքի տուրք մատուցեցին Արցախի համալսարանի զոհված ուսանող ազատամարտիկների հիշատակին, այնուհետև շրջեցին բուհում:

«Վերջին տարիներին սերտ ու ամուր համագործակցության հիմքեր են դրվել երկու համալսարանների միջև. համագործակցության ուղղությունները պետք է ավելի ընդլայնել՝ պրակտիկայի կազմակերպում, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների փոխանակային ծրագրերի իրականացում և այլն: Դա երկուստեք անհրաժեշտ է և վստահ եմ, որ այն կլինի շարունակական»,- ասաց Մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Արմեն Թամազյանը:

Արցախի պետական համալսարանի պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը ևս, կարևորելով երկու բուհերի միջև համագործակցությունը, ընդգծեց. «Այս համագործակցության շրջանակում իրականացնում ենք բազմաթիվ ուսումնական, գիտական, կրթական, մշակութային և այլ ուղղվածության միջոցառումներ: Արցախի պետական համալսարանը ստեղծվել է մանկավարժական ինստիտուտի հենքի վրա և այս առումով ևս ՀՊՄՀ-ի հետ համագործակցությունը անհրաժեշտություն է: Այդ համագործակցությունը հաճելի գործընթաց է, քանի որ նպաստում է դասախոսական և ուսանողական կազմի շփումների արդյունավետության բարձրացմանը: Մանկավարժական համալսարանը նաև աջակցում է հայցորդների և ասպիրանտների գիտական թեմաների ղեկավարմանն առնչվող հարցերում»:

ՀՊՄՀ-ի գիտական գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցի նախաձեռնությամբ Արցախի պետական համալսարանի գիտական գրադրանին նվիրաբերվեց 2015-2016 թթ. տպարգրած շուրջ 100 միավոր գիրք, որի մեծ մասը Մանկավարժական համալսարանի դասախոսական կազմի հեղինակած մանկավարժական ուղղվածության գրքերն էին: Վիտյա Յարամիշյանը երախտագիտություն հայտնեց գործընկեր համալսարանին արդյունավետ համագործակցության համար և հույս հայտնեց, որ փոխայցելությունները կկրեն պարբերական բնույթ:

ՀՊՄՀ-ի կազմակերպած «Ամառային դպրոց 2016» միջազգային ծրագրի մասնակից, Արցախի համալսարանի անգլերեն բաժնի ուսանողուհի Անի Հարությունյանը ևս կարևորում է երկու բուհերի համագործակցությունը:

«Այս համագործակցությունը և հատկապես «Ամառային դպրոց 2016» ծրագիրը մեզ մեծ հնարավորություն է ընձեռում, քանզի մեր համալսարանը պետական լինելու արդյունքում միջազգային ծրագրերի մասնակցության սահմանափակումներ ունի: Համագործակցության արդյունքում ձեռք ենք բերում նոր կապեր, մասնագիտական ձեռքբերումներ, ընկերական միջավայր և բարեկամական շփումներ»,- ասաց Անին և հավելեց՝ մոտ ժամանակաշրջանում նախատեսվում է ուսանողների փոխայցելություններ, մասնակցություն մի շարք գիտական նստաշրջանների և գիտաժողովների:

Մանկավարժական համալսարանի պատվիրակության հագեցած եռօրյա այցը ԼՂՀ ամփոփվեց Արցախի պատմամշակութային վայրերի ճանաչողական այցով: Ուսանողները եղան Արցախի եկեղեցական համալիրներից Դադիվանքում, Գանձասարում, Ղարաբաղի խորհրդանիշ համարվող «Մենք ենք, մեր լեռները»՝ Տատ ու Պապի հուշարձանում, շրջեցին Ստեփանակերտում և գեղատեսիլ Արցախի տեսարժան այլ վայրերում: