ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Կյանքից հեռացել է ՀՊՄՀ պրոֆեսոր Մարտին Գիլավյանը
11.04.2023
Կյանքից հեռացել է ՀՊՄՀ պրոֆեսոր Մարտին Գիլավյանը

Խորը վշտով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել է Վաչե Պարտիզունու անվան հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր Մարտին Գիլավյանը։

Մարտին Գիլավյանը ծնվել է 1947 թվականին։ 1969թ. ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։

1972 թվականից դասավանդում էր հարազատ բուհում՝ 1972-2000թթ. և 1972-2000թթ. ռուս և արտասահմանյան գրականության ամբիոնի դասախոս, 2000թ-ից հայ գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի, 2013 թ-ից մինչ օրս՝ Վաչե Պարտիզունու անվան հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր:

1995-2011թթ. Մարտին Գիլավյանը եղել է ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետի դեկան: Մինչ օրս նա Մանկավարժական համալսարանի «Հայագիտական հանդես»-ի գլխավոր խմբագիրն էր, բազմաթիվ գիտական հոդվածների հեղինակ։

Իր գիտամանկավարժական ողջ գործունեությունը պրոֆեսորն անմնացորդ նվիրումով իրականացրել է հարազատ բուհում, կրթել և դաստիարակել բանասեր-մանկավարժների տասնյակ սերունդներ:

Բազմամյա գիտամանկավարժական գործունեության համար Մարտին Գիլավյանն արժանացել է մի շարք պարգևների։

Պրոֆեսոր Մարտին Գիլավյանի՝ վաստակաշատ մանկավարժի և գիտնականի հիշատակը վառ կմնա իր գործընկերների և ուսանողների սրտերում:

Մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը ցավակցում է Գիլավյանների ընտանիքին՝ Մարտին Գիլավյանի մահվան կապակցությամբ:

Մարտին Գիլավյանի հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 14-ին՝  ժամը` 17:30-20:00-ն,  «Զոլեր» սգո սրահում՝ Շահումյանի գերեզմանատուն տանող ճանապարհին։ (Հասցե`Երևան, Գրիգոր Հասրաթյան փող., 25/3 շենք):