ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Նոր համագործակցություն միջազգային ոլորտում
30.11.2017
Նոր համագործակցություն միջազգային ոլորտում

Մանկավարժական համալսարանում հյուրընկալվել էր Լիբանանյան-կանադական համալսարանի պատվիրակությունը, որի կազմում էին բուհի նախագահ Ռոնի Աբի Նախլեն, հոգաբարձուների խորհրդի նախագահ Յոլանդե Սալեմը, Լիբանանում Հայաստանի դեսպանատան մշակութային հարցերով խորհրդատու Միրեյ Խանամիրյանը:

ՀՊՄՀ-ի Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Արա Երեմյանը հյուրերի հետ հանդիպման ընթացքում վստահեցրեց, որ բուհը բաց է համագործակցության համար և պատրաստ քննարկելու դրան վերաբերող առաջարկները:

«Լիբանանյան-կանադական համալսարանը Միջին Արևելքի թոփ 10 համալսարանների շարքում է, հավատարմագրված է մի շարք կազմակերպությունների կողմից, ինչը շատ կարևոր է վարկանիշավորման համար: Այն համալսարան է, որի կրթական ծրագրերի 95 տոկոսը համատեղ են իրականացվում և տրվում համատեղ դիպլոմներ»,-նշեց Լիբանանյան-կանադական համալսարանի նախագահ Ռոնի Աբի Նախլեն և հավելեց, որ առաջիկա ուսումնական տարում համալսարանը նախատեսում է բացել նաև Կրթության ֆակուլտետ:

Լիբանանցի հյուրերը հետաքրքրվեցին ՀՊՄՀ-ի՝ հատկապես Սոցիոլոգիա և սոցիալական աշխատանք և Էկոլոգիա մասնագիտությունների ուղղությամբ ուսանողների թվով, երկակի դիպլոմ շնորհելու հնարավորությամբ, ինչպես նաև ուսանողների և դասախոսների փոխանակման հնարավորությունները:

ՀՊՄՀ-ի Միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Քրիստինա Ծատուրյանը ներկայացրեց մաննկավարժական բուհի գործունեությունը, ուղղություները, միջազգային համագործակցության հաջողված փորձը, ինչպես նաև երկակի դիպլոմներ շնորհելու հնարավորություններին:

Էկոլոգիայի և կայուն զարգացման ամբիոնի վարիչ Կարինե Դանիելյանը ներկայացրեց համահամալսարանական ամբիոնի գործունեությունը և վստահեցրեց, որ այս մասնագիտությամբ ուսանողներն ստանում են լուրջ առարկայացանկ: Նա հույս հայտնեց, որ ամբիոնի և մասնագիտության գործունեությամբ հետաքրքրվող ուսանողների թիվը ժամանակի ընթացքում կմեծանա, քանի որ համաշխարհային մակարդակներում ևս կարևորված են էկոլոգիայի պահպանման և կայուն զարգացման հիմախնդիրները:

Սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնի վարիչ Արմեն Սահակյանն էլ առաջարկեց համագործակցության շրջանակներում նախատեսել նաև համատեղ գիտաժողովներ, վեբինարներ, մրցույթներ, ինչը կնպաստի երկու կողմերի գիտամանկավարժական գործունեությանը:

Հանդիպման ավարտին Լիբանանյան-կանադական համալսարանի նախագահը ևս մեկ անգամ ընդգծեց, որ բուհը բաց է գործընկերության համար և պատրաստ Մանկավարժական համալսարանի հետ արդյունավետ համագործակցության տարբեր առաջարկներ:

Կրթական ծրագրերի, ուսանողների թվի, անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում և այլն. Մանկավարժական համալսարանի Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Արա Երեմյանը վստահեցրեց, որ համագործակցության առաջին քայլերին կհետևեն նոր առաջարկներն ու ձևակերպումները: