ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Վերապատրաստվեցին մեդիագրագիտության ոլորտում
31.03.2017
Վերապատրաստվեցին մեդիագրագիտության ոլորտում

Բանասիրական ֆակուլտետի 12 դասախոս վերապատրաստվում է «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի կողմից կազմակերպվող մեդիագրագիտության ծրագրի շրջանակներում:

5-օրյա դասընթացների ժամանակ դասախոսները ձեռք են բերում ներկայիս ինֆորմացիոն լայն դաշտում կողմնորոշվելու, չխաբվելու, անհրաժեշտ տեղեկատվություն գտնելու և մեդիագրագիտության, ինչպես նաև կեղծիքը հավաստիից տարբերելու, մեդիան հասկանալու և քննադատելու վերաբերյալ այլ հմտություններ:

Տեսական, մեթոդական նյութեր, դասի պլաններ, քննարկումներ, հարց ու պատասխան. վերապատրաստումների ընթացքում Բանասիրական ֆակուլտետի դասախոսները փորձեցին ոլորտի առաջատար մասնագետների հետ բացահայտել Հայաստանի և աշխարհի մեդիադաշտը, կարգավորման, փաստերը կարծիքից տարբերելու ձևերը, էթիկան ու դրա նորմերը:

ՀԿ-ի Մեդիագրագիտության ծրագրի պատասխանատու Լուսինե Գրիգորյանը aspu.am-ի հետ զրույցում նշեց, որ արդեն մի քանի տարի է վերապատրաստում են ուսուցիչների և դասախոսների՝ նպատակ ունենալով մեդիագրագիտությունը տարածել նաև հայաստանյան կրթական համակարգում, ինչը վաղուց ներդրված է աշխարհի մի շարք երկրներում:

«Վերապատրաստվողներն իրենց ոլորտի, մասնագիտության գիտակներն են, սակայն մեդիադաշտին տիրապետում են միայն ընդհանուր զարգացվածության մակարդակում: Սա իրենց համար նորույթ էր, ինչը հնարավորություն կտա այսուհետ մեդիային հետևել նոր հայացքով, զգոնությամբ և ուշադրությամբ»,-նշեց ծրագրի պատասխանատուն:

Վերջինս հավելեց նաև, որ նման վերապատրաստումները կլինեն շարունակական, քանի որ ապագա մանկավարժը հատկապես պետք է զինված լինի մեդիագրագիտության վերաբերյալ հմտություններով. «Մեր նպատակը ոչ միայն գրագետ սպառողներ, այլև մեդիագիտելիքներով զինված մանկավարժներ ունենալն է, որ գիտելիքները փոխանցեն սերունդներին»:

Բանասիրական ֆակուլտետի դեկան Աշոտ Գալստյանը վերապատրաստվող դասախոսների անունից կարևորեց մեդիագրագիտության վերաբերյալ գիտելիքներով զինելու նախաձեռնությունը և վստահեցրեց, որ ձեռք բերած հմտությունը կօգտագործվեն նաև ուսումնական պրոցեսում: